About Որսորդական պատմվածքներ
Վախթանգ Անանյանը ծնվել է (1905-1980 թթ) Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ - ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է. - Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։ Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ Սևանի ափին և Հովազաձորի գերիները վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում են բերել հեղինակին։ 1934 թ.-ին հրատարակվեց Որս պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։ Վ. Անանյանի Որսորդական պատմվածքներ ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն - մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։
Show more